Medic Health Group
Medic Health Network

Գլխի և ողնաշարի վնասվածքներ
ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին օգնություն    Գլխուղեղի ցնցում


Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որը ճիշտ բուժում ստանալու դեպքում անցնում է առանց նշանակալից մնացորդային երեույթների։ Գլխուղեղը կարող է շատ սահմանափակ տեղաշարժվել գանգի խոռոչում։ Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարված կարող է ուղեղի ցնցման պաաճառ հանդիսանալ։

ՆՇԱՆՆԵՐԸ

կարճատև (մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևող) գիտակցության կորուստ,
տեսողության խանգարումներ՝ «աչքերից կայծեր», տեսողության երկատում,
հիշողության խանգարումներ՝ տուժածը կարող է չհիշել պատահարի պահը, նրան անմիջապես նախորդող կամ հաջորդող իրադարձությունները,
գլխացավ, գլխապտույտ,
սրտխառնոց, փսխում,
ոտքերի և ձեռքերի ընդարմացում, դող կամ թուլություն,
տարածության մեջ կողմնորոշման խանգարում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Գնահատեք տուժածի գիտակցության վիճակը:
Գիտակցության առկայության դեպքում շարունակեք տուժածի զննումը և ուշադիր եղեք տուժածի վիճակի ցանկացած փոփոխության նկատմամբ։ Պառկեցրեք տուժածին։ Գլխուղեղի ցնցում ստացած տուժածը, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, պետք է հանգիստ պառկած լինի։
Ահազանգեք շտապ օգնություն։ Տուժածը, անկախ իր ինքնազգացողությունից, պետք է գտնվի բժշկական հսկողության տակ։ ժամանակին համապատասխան բուժում չստանալու դեպքում հետագայում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի հետևանքներ (գլխացավեր, ընդհանուր թուլություն և այլն)։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Առաջին օգնություն Գլխուղեղի ճնշում

Գլխուղեղի ճնշումը ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով գլխուղեղի հյուսվածքների սեղմումն է, ինչը բերում է գլխուղեղի նորմալ գործունեության խանգարման (նկ.18.4)։ Օրինակ՝ ներգանգային արյունահոսության հետևանքով կուտակված արյունը ճնշում է գլխուղեղը և խաթարում նրա գործունեությունը։ Գլխուղեղի ճնշման հիմնական պատճառները գլխի վնասվածքներն են, սակայն այդ վիճակը կարող է զարգանալ նաև կաթվածի, վարակի և ուռուցքի հետևանքով։ Շնչառական ու սրտի աշխատանքի կենտրոնների ճնշումը կարող է բերել նրանց գործունեության լուրջ խանգարումների և կյանքի համար վտանգավոր իրավիճակների։ Գլխուղեղի ճնշումը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ մի քանի ժամվա ընթացքում։ Միշտ ուշադիր եղեք գլխի յուրաքանչյուր վնասվածքի նկատմամբ։

ՆՇԱՆՆԵՐԸ

գիտակցության խանգարում,
աղմկոտ կամ անկանոն շնչառություն,
դանդաղ անոթազարկ,
բբերի անհամաչափություն,
դեմքի կարմրություն,
սրտխառնոց, փսխում,
գլխացավ, գլխապտույտ,
ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Գիտակցության առկայության դեպքում օգնեք տուժածին մնալ հարմար դիրքում։ Պառկեցրեք տուժածին՝ գլուխը և ուսերը բարձր դիրքով (նկ.18.5)։
Տեղադրեք սառը թրջոցներ վնասված հատվածին։ Ժամանակ առ ժամանակ փոխեք թրջոցները։
Ահազանգեք շտապ օգնություն։ Նույնիսկ եթե տուժածի գիտակցությունը վերականգնվել է, ահազանգեք շտապ օգնություն, որովհետև այս դեպքում միշտ պահանջվում է շտապ բժշկական միջամտություն։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Առաջին օգնություն Գանգամաշկի վնասվածքներ


ԳԱՆԳԱՄԱՇԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Գանգամաշկը պիրկ ձգված է գանգին և հարուստ է արյունատար անոթներով։ Այդ պատճառով գանգամաշկի վնասման դեպքում վերքը սովորաբար լայն բացված է լինում և արյունահոսում է։ Ուշադիր զննեք տուժածի գլուխը, քանի որ մազերը կարող են ծածկել վնասվածքը։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Դադարեցրեք արյունահոսությունը՝ սեղմելով վերքի վրա կամ համապատասխան սեղմման կետը (տե՛ս նկ. 9.4)։ Վերքի վրա ուղղակի ճնշում մի՛ գործադրեք, եթե ձեռքի տակ զգում եք փոս ընկած տեղ, փափկություն կամ շոշափում եք կոտրված ոսկրերի բեկորներ։
Ծածկեք վերքը անձեռոցիկով և վիրակապեք։
Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝ գլուխը և ուսերը բարձր (նկ.18.5)։
Ահազանգեք շտապ օգնություն։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Առաջին օգնություն Այտի վնասվածքներ


Այտի վնասվածքների դեպքում սովորաբար վնասվում են միայն փափուկ հյուսվածքները։ Այտի արյունահոսությունը դադարեցնում են այնպես, ինչպես և մյուս փափուկ հյուսվածքներինը, այն տարբերությամբ, որ կարող է արյունահոսությունը բերանի խոռոչում դադարեցնելու կարիք լինել։

Արյունահոսությունը դադարեցնելու համար բերանի մեջ վնասված այտի դիմաց տեդադրեք մի քանի անգամ ծալված անձեռոցիկ։ Խնդրեք տուժածին պահել վիրակապական նյութերը իրենց տեղում։ Եթե առկա է նաև արտաքին արյունահոսություն, ապա վիրակապեք այտը։ Եթե օտար մարմինը թափանցել է այտի միջով բերանի խոռոչ, մնացել է այնտեղ և խանգարում է ձեզ մշակել վերքը, դադարեցնել արյունահոսությունը և ապահովել շնչուղիների անցանելիությունը, զգուշորեն դուրս քաշելով՝ հեռացրեք այն։ Այս հանգամանքը միակ բացառությունն է ընդհանուր օրենքից, համաձայն որի վերքի մեջ գտնվող օտար մարմինը անշարժացվում է, այլ ոչ թե հեռացվում։ Օտար մարմինը հեռացնելուց հետո ծալված վիրակապական անձեռոցիկը դրեք բերանի վերքի մեջ։ Համոզվեք, որ չեք փակել շնչուղիները։ Այտի վերքի արտաքին մասի վրա նույնպես վիրակապ տեղադրեք։ Որպեսզի տուժածը արյունը կուլ չտա, նստեցրեք նրան իրանով մի թեթև առաջ թեքված։ Եթե օտար մարմինը հնարավոր չէ հեռացնել, փորձեք անշարժացնել այն վիրակապական նյութերի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
Առաջին օգնություն Դիմային գանգի վնասվածքներ


Ծնոտի վնասվածքների դեպքում աոաջին հերթին ապահովեք շնչուղիների անցանելիությունը։

Ստուգեք բերանի խոռոչում արյան առկայությունը։ Դադարեցրեք արյունահոսությունը։

Սահմանափակեք գլխի և պարանոցի շարժումները։

Ստորին ծնոտի կոտրվածքի դեպքում անշարժացրեք այն պարսատիկաձև վիրակապի օգնությամբ։
Վերցրեք փաթույթային վիրակապի 50 սմ և 10 սմ կողմերով ուղղանկյուն կտոր։
Ուղղանկյան փոքր կողմերին 20 սմ երկարության կտրվածքներ արեք (նկ.18.7ա)։
Վիրակապի չկտրված միջին մասը տեղադրեք տուժածի ստորին ծնոտի վրա։
Վիրակապի ժապավենի ծայրերի ներքևում հայտնված զույգը բարձրացրեք և կապեք գլխի վերին մասում՝ գագաթին։
Վիրակապի ժապավենի ծայրերի վերին զույգը կապեք ծոծրակի վրա (նկ.18.7բ)

 Եթե դիմային գանգի ծանր վնասվածքներ ունեցող տուժածը գիտակից վիճակում Է, ապա՝
Նստեցրեք նրան՝ ստորին վերջույթները կոնքազդրային և ծնկային հոդերում ծալած։ Իրանը առաջ թեքեք։
Արմունկները ծալեք և նախաբազուկները դրեք ծնկներին։
Գլուխը ճակատով հենեք նախաբազուկներին (նկ.18.8)։

Եթե դիմային գանգի ծանր վնասվածքներ ունեցող տուժածը անգիտակից վիճակում Է, նրան չի կարելի բերել կողքի ապահովության դիրքի։ Շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
Պառկեցրեք տուժածին փորի վրա՝ կրծքավանդակի տակ որևէ բարձ կամ ծալած ծածկոց դնելով։
Վերին վերջույթները բարձրացրեք գլխի ուղղությամբ։
Ծալեք արմունկները և զլուխը ճակատով հենեք միմյանց վրա դրված նախաբազուկներին (նկ.18.9)։

Ահազանգեք շտապ օգնություն։    
 http://www.med-practic.com/