Medic Health Group
Medic Health Network


ՎԵՐՔԵՐ
Փափուկ հյուսվածքների վնասվածքներ
ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ / Առաջին օգնություն

Առօրյայում հաճախ են պատահում նման վնասվածքներ՝ քերծվածքներ, կտրած, պատռած վերքեր եւ այլն։ Դժվար թե լինի մի մարդ, որն իր կյանքում գոնե մեկ անգամ չի ունեցել նման վնասվածքներ։ Բարեբախտաբար, դրանց մեծ մասը փոքր է լինում եւ առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում։ Սակայն հնարավոր են նաեւ լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն։ 
Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ եւ բաց։ 


Փակ վնասվածքներ 


Փակ վնասվածքների ժամանակ մաշկի ամբողջականությունը չի խախտվում։ Ամենահասարակ փակ վնասվածքը ենթամաշկային արյունազեղումը կամ կապտուկն է, որի ժամանակ ոչ ուժեղ հարվածի հետեւանքով մաշկի տակ վնասվում են մազանոթները։
Արյունը կուտակվում է մաշկի տակ, այդ մասում մաշկի գույնը փոխվում է, առաջանում են այտուց եւ կապտուկ։ Անմիջապես հարվածից հետո վնասվածքի տեղը կարմրում է, որոշ ժամանակ անց մաշկն այդ տեղում դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Մի քանի օր անց մաշկի գույնը դառնում է կապտականաչավուն, ապա՝ դեղին։ 


Ի՞նչ անել 

Փակ վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս վնասված մասը բարձրացրեք, սահմանափակեք շարժումները։ Սառեցրեք վնասված մասը սառը թրջոցներով կամ սառցապարկերով։ Սառեցումը շարունակեք վնասվածքը ստանալու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում։ Մաշկի եւ սառցապարկի միջեւ միշտ դրեք որեւէ սրբիչ կամ գործվածքի կտոր։ 


Վերքեր

Փափուկ հյուսվածքների բաց վնասվածքներն այլ կերպ կոչվում են վերքեր։ Վերքը փափուկ հյուսվածքի վնասվածք է, որի ժամանակ խախտվում է մաշկի ամբողջականությունը։ Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության եւ ցավի պատճառով։
Բավական հաճախ հանդիպող վերք է քերծվածքը։ Դա մաշկի մակերեսային վնասվածքն է։ Չնայած քերծվածքները բավական ցավոտ են լինում, սակայն սովորաբար լուրջ վտանգ չեն ներկայացնում։ Այս վնասվածքի դեպքում արյունահոսությունը հեշտությամբ դադարում է, քանի որ վնասվում են միայն մանր արյունատար անոթներ։ Եթե քերծվածքները լայնատարած են, կարող է պահանջվել բժշկական միջամտություն։ Ծակած վերքերը սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, ասեղը, ապակու կտորները կամ կենդանու ճանկերը։ Դրանք կետային, խորը, փոքր մակերես ունեցող վերքերն են։ Արտաքինից վերքի բացվածքը փոքր է, արտաքին արյունահոսությունը հաճախ աննշան է, ոչ ուժեղ։ Այս վերքերը շատ վտանգավոր են, քանի որ մեծ է վարակման եւ ներքին օրգանների վնասման վտանգը։ 
Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են։ Դրանք սովորաբար առատ արյունահոսում են եւ ցավոտ են։ 
Վերքերի մյուս տեսակը պատռած վերքերն են։ Դրանք ունենում են անհարթ եզրեր։ Այսպիսի վերքեր ավելի հաճախ առաջանում են այն մասերում, որտեղ ոսկրերը մաշկին մոտ են գտնվում, օրինակ՝ ճակատին, կզակի շրջանում, սրունքի առաջային մակերեսին եւ այլն։ Ի տարբերություն կտրած վերքի, պատռած վերքն ավելի դժվար է լավանում, իսկ լավանալուց հետո կարող է կոպիտ սպի մնալ։ 
Պոկած վերքն այն վերքն է, որն առաջանում է փափուկ հյուսվածքների մի հատվածի մասամբ կամ ամբողջովին պոկումից։ Մասամբ պոկված հյուսվածքի կտորը մի մասով կպած է լինում մարմնին։ Այն կարող է անբնական կերպով շրջված լինել։ Վերքից կախված հյուսվածքները մի... պոկեք, այլ փորձեք դնել պոկված հյուսվածքի կտորները նախկին բնական դիրքով եւ վիրակապել։ 
Վերքեր առաջանում են նաեւ տարբեր կենդանիների կամ մարդու կծելուց։ Կծած վերքերն աղտոտված են թքով եւ վտանգավոր են նաեւ կատաղություն հիվանդությամբ վարակվելու տեսանկյունից։ Նման վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է կատաղության դեմ պատվաստում կատարել։ 
Հրազենային վերքերը հրազենի գնդակից կամ արկերի բեկորներից առաջացած վերքերն են։ Դրանք միշտ վտանգավոր են։ Նման դեպքերում կարող են լինել մուտքի եւ ելքի անցքեր։ Հնարավոր է լինի միայն մուտքի անցք։ Հատուկ ուշադրություն պիտի դարձնել ելքի անցքին, քանի որ այն շատ ավելի մեծ ու վտանգավոր է, քան մուտքինը։ 



Ի՞նչ անել 

Տուժածին օգնություն ցուցաբերելիս նախ պարզեք վերքի վտանգավորության աստիճանը։ 


Փոքր վերքեր 

Քիչ վտանգավոր են համարվում 2‚5 սմ-ից ոչ մեծ չափսերի, ոչ խորը վերքերը, երբ արյունահոսությունն աննշան է կամ հեշտ է դադարեցվում։ Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր եւ պահանջում են բժշկական միջամտություն։
Քիչ վտանգավոր վերքերի ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելիս վերքը լվացեք օճառով եւ մաքուր ջրով։ Օգտագործեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ քսուքներ։ Խուսափեք սպիրտային հիմքով նյութերը, օրինակ յոդը, օղին, օծանելիքն անմիջապես վերքի վրա քսելուց։ Դրանցով մշակեք միայն վերքի շրջակա մաշկը։ Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ մանրէազերծ (ստերիլ) վիրակապով։ 


Վտանգավոր վերքեր 

Վտանգավոր վերքերը երբեք մի՛ փորձեք ինքուրույն մշակել։ Վերքի վրա անձեռոցիկ տեղադրեք, վիրակապեք եւ դադարեցրեք արյունահոսությունը։ Ձեռք մի՛ տվեք արդեն տեղադրած վիրակապին կամ անձեռոցիկին։ Եթե այն ներծծվում է արյունով, վրայից տեղադրեք նորը եւ վիրակապեք։ Հակառակ դեպքում արյունահոսությունը կարող է վերսկսվել կամ ուժեղա-նալ։ 
Վիրակապելուց հետո ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին խորհուրդ տվեք դիմել բժշկի։ 


Վարակի ներթափանցման կանխարգելում 


Վերքը մշակելուց առաջ եւ հետո ձեռքերը լվացեք օճառով եւ ջրով կամ ձեռքի տակ եղած որեւէ ախտահանիչ միջոցով՝ օրինակ օղիով։ Խուսափեք անմիջապես վերքին ձեռքով դիպչելուց։ 
Աշխատեք օգտվել մանրէազերծ ձեռնոցներից կամ այլ պաշտպանիչ միջոցից, օրինակ՝ ձեռքերին հագցրեք սովորական պլաստիկ տոպրակ։ Օգտագործված ձեռնոցները մի՛ փորձեք մաքրել կամ երկրորդ անգամ օգտագործել։ Ձեռնոցները հանեք ներսի մակերեսից բռնած։ Դրանք շրջեք հակառակ երեսով եւ գցեք հատուկ առանձնացված աղբատուփի մեջ։ 
Հնարավորության դեպքում օգտագործեք միայն մանրէազերծ վիրակապական միջոցներ կամ ծայրահեղ դեպքում մաքուր եւ արդուկած գործվածք։ 
Աշխատեք վերքի վրա չշնչել, չհազալ, չփռշտալ։ Օգնություն ցուցաբերելու ընթացքում մի՛ դիպեք ձեր բերանին, քթին, աչքերին եւ խուսափեք որեւէ բան ուտելուց կամ խմելուց։ 


Բորբոքված վերքեր 


Ամեն դեպքում վնասված մաշկը վարակի ներթափանցման ճանապարհ է։ Եվ եթե վնասվածք ստանալուց հետո մարմնի պաշտպանական ուժերը չեն կարողանում վնասազերծել ներթափանցած վարակը, ապա վերքը բորբոքվում է։ 
Այդ դեպքում վերքի շրջանում ի հայտ է գալիս բաբախող ցավ, մաշկը կարմրում է, տաքանում։ Վերքի շրջանը այտուցվում է, կարող է վերքից թարախային արտադրություն լինել։ Հնարավոր է մոտակա ավշային հանգույցների մեծացում, ցավոտություն։ 
Որոշ դեպքերում վարակը կարող է արյան միջոցով տարածվել մարմնով մեկ եւ դառնալ կյանքի համար վտանգավոր։ Բորբոքված վերքերի դեպքում հետեւեք, որ վերքի շրջանը լինի մաքուր։ Տուժածի մոտ վերքի բորբոքման նշաններ ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք բժշկի։

http://www.emergency.am/