Medic Health Group
Medic Health Network

Սրտի կանգ
Սրտի կանգ

Տարբեր հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով կարող է տեղի ունենալ սրտի կանգ։ Սրտի կանգը իրավիճակ է, երբ սրտամկանը դադարում է կծկվել և արյուն մղել դեպի անոթներ։ Այդ դեպքում բջիջները չեն ստանում իրենց գործունեության համար անհրաժեշտ թթվածին։ Այդ վիճակը կոչվում է կլինիկական մահ։ Թթվածնային քաղցի նկատմամբ առավել զգայուն են ուղեղի բջիջները, որոնք սրտի կանգից 4 րոպե հետո սկսում են մահանալ, այսինքն՝ զարգանում է կենսաբանական մահ տես (նկ. 5.1)։ Եթե կլինիկական մահվան ընթացքում տուժածի ուղեղում տեղի ունեցած փոփոխությունները դարձելի են, ապա կենսաբանական մահվան դեպքում այդ փոփոխությունները անդարձելի են։ Ուստի, սրտի կանգի դեպքում, տուժածի կյանքը փրկելու համար շատ կարևոր է, թե ինչքան արագ և հմուտ դուք կցուցաբերեք առաջին օգնություն։
Սրտի կանգի ակնհայտ նշանն անոթազարկի բացակայությունն է։ Եթե անոթազարկը չի շոշափվում քնային զարկերակի վրա, նշանակում է գլխուղեղն արյուն չի ստանում։ Բնականաբար, բացակայում են և՛ գիտակցությունը, և՛ շնչառությունը։

ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (ՍԱՇՎ)

Սրտի և շնչառության կանգի դեպքում անհրաժեշտ է կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ ՍԱՇՎ սրտի կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջութ-յունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։ Այս գործողությունները մասնակիորեն փոխարինում են սրտի աշխատանքին և շնչառությանը։ Ներփչումների ժամանակ արյունը հարստանում է թթված-նով, իսկ կրծքավանդակի սեղմումները կրծքավանդակի խոռոչում ստեղծում են ճնշում, որի շնորհիվ արյունը մղվում է արյունատար անոթներով։ ՍԱՇՎ արդյունավետ կատարելու համար պետք է, որ տուժածը մեջքով պառկած լինի պինդ և հարթ մակերեսի վրա: Եթե չկան ստորին վերջույթների վնասվածքներ, ապա ցանկալի է բարձրացնել տուժածի ոտքերը, ինչը կմեծացնի արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ։ Պետք է նշել, որ ինչքան էլ ՍԱՇՎ արդյունավետ լինի, այն ապահովում է հյուսվածքներին անհրաժեշտ թթվածնի միայն մեկ երրորդը։ Սրտի կանգի դեպքում տուժածը բժշկական օգնության կարիք ունի նույնիսկ այն ժամանակ, երբ նրա անոթազարկը և շնչառությունը վերականգնվել են։
Սրտի կանգի դեպքում բժիշկները` սրտի աշխատանքը վերականգնելու համար, օգտագործում են մի սարք՝ դեֆրբրիլյատոր, որը որոշակի տևողությամբ և լարվածությամբ էլեկտրական գրգիռ է հաղորդում տուժածի կրծքավանդակին։ Լինում են դեպքեր, երբ դեֆիբրիլյատորը տուժածին փրկելու միակ արդյունավետ միջոցն է հանդիսանում։ Սովորաբար այդ սարքը լինում է մասնա-գիտացված վերակենդանացման բաժանմունքներում և շտապ օգնության մեքենաներում։ Առաջին օգնության բնագավառում, այդ սարքի բացակայության պայմաններում, կիրառվում է մեխանիկական դեֆիբրիլյացիա՝ բռունցքի կողմնային մասով կրծքավանդակի սեղմման տեղին ուժեղ հարված։ Հարվածը պետք է կատարել 1-2 անգամ, արագ, կտրուկ և ուժեղ, սրտի կանգը հայտնաբերելուց անմիջապես հետո:

ՍԱՇՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ. ՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺԱԾ (8 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ)

ՕԳՆՈՂԻ ԴԻՐՔԸ
ՍԱՇՎ կատարելու համար ծնկի իջեք տուժածի մոտ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Նրան ավելի մոտ նստելու համար կարելի է զգուշորեն բացել տուժածի ձեռքն ուղիղ անկյան տակ։

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐԸ
Կրծքավանդակի սեղմումներ պետք է կատարել տուժածի անոթազարկի բացակայությունը հայտնաբերելուց անմիջապես հետո։

Կրծքավանդակի սեղմման տեղի որոշումը Ճիշտ տեղում կրծքավանդակի սեղմումներ կատարելը բարձրացնում է ՍԱՇՎ արդյունավետությունը և նվազեցնում տուժածին լրացուցիչ վնասվածքներ պատճառելու հավանականությունը։ Հնարավորության դեպքում հեռացրեք հագուստը և մերկացրեք տուժածի կրծքավանդակը։ Սեղմման ճիշտ տեղը որոշելու համար աջ (ձախ) ձեռքի ցուցամատով գտեք տուժածի կրծոսկրի ստորին կետը՝ ստորին կողերի կրծոսկրին միացման տեղը (հենց այս մասում է գտնվում թրաձև ելունը): Ձախ (աջ) ձեռքի երկու մատները տեղադրեք ցուցամատից անմիջապես վերև և աջ (ձախ) ձեռքի ափի բլրակը տե-ղադրեք մատների կողքին՝ կրծոսկրի ստորին մասում (նկ. 6.3)։

Կրծքավանդակի սեղմումների կատարումըՍեղմման ճիշտ տեղը որոշելուց հետո ձեր ազատ ձեռքը տեղադրեք կրծոսկրին դրված ձեռքի վրա և բարձրացրեք մատները կրծքավանդակից։ Կան նաև կրծքավանդակի սեղմման համար ձեռքերի այլ դիրքեր։ Օրինակ՝ երկրորդ ձեռքով դուք կարող եք բռնել սեղմող ձեռքի դաստակից կամ ուղղակի հենվեք սեղմող ձեռքին։ Սեղմումների ժամանակ ցանկալի չէ, որ մատները հպվեն տուժածի կրծքավանդակին, քանի որ ճնշում գործադրելիս կարող եք կոտրել կողերը։ Իրանով առաջ թեքվեք այնպես, որ ձեր ձեռքերը լինեն ուղղահայաց տուժածի իրանի նկատմամբ, այս դիրքում սեղմում կատարելիս կրծոսկրը ուղիղ ներքև է իջնում։ Սեղմումներ կատարելիս ձեր արմունկները չպետք է ծալվեն։ Սեղմումները կատարեք ձեր մարմնի վերին մասով, այլ ոչ թե ձեռքերի մկաններով (նկ. 6.4)։ Սեղմումները կատարվում են միայն ձեռքի ափի բլրակով: Զգույշ եղեք, որ ձեր ձեռքը չտեղաշարժվի։ Յուրաքանչյուր սեղմումից հետո բարձրացեք այնպես, որ ձեր ձեռքերը հպված մնան սեղմման տեղին՝ ճնշում չգործադրելով կրծքավանդակին։ Սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ։ Միջին կազմվածքի տղամարդու կրծքավանդակը պետք է սեղմել մինչև 5 սմ, իսկ միջին կազմվածքի կնոջ կրծքավանդակը՝ մինչև 4 սմ։

ՍԵՂՄՈՒՄ/ՆԵՐՓՉՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԻԿԼԸ
Մեկ հոգով ՍԱՇՎ կատարումը: Մեկ հոգով ՍԱՇՎ ժամանակ պետք է հաջորդաբար կատարել 15 սեղմում և 2 ներփչում։ 15 սեղմումը կատարվում է 10 վայրկյանի ընթացքում, իսկ 2 ներփչումը՝ 5 վայրկյանի ընթացքում։ Այսպիսով, սեղմումներ/ներփչումներ գործո-ղությունների ցիկլը կատարվում է 15 վայրկյանի ընթացքում։ Սեղմում/ներփչում գործողությունների ցիկլը (15 սեղմում և 2 ներփչում) պետք է կատարել մեկ րոպեում չորս անգամ (նկ. 6.5)։ Սեղմումների ընթացքում բարձրաձայն հաշվեք «մեկ, երկու, երեք...» մինչև 15-ը։ Հաշիվը օգնում է ձեզ չշփոթվել, չկորցնել ինքնատիրապետումը նման իրավիճակներում։ Ներփչումների միջև ընկած ժամանակահատվածում բարձր ասեք սեղմում/ներփչում գործողությունների ցիկլի համարը և կանչեք օգնության։ Առաջին սեղմումներից հետո սովորաբար մաշկի վրա սեղմման տեղը կարմրում է, հաջորդ ցիկլը կատարելիս սեղմման տեղը որոշելու կարիք չի լինում, սակայն, եթե համոզված չեք, որ ճիշտ կտեղադրեք ձեռքերը, ապա նորից պետք է որոշել այն։ Եթե ձեր ձեռքը քրտնում է, ապա սեղմման տեղի վրա դրեք որևէ գործվածք (օրինակ՝ թաշկինակ)։


Մեկ րոպե ՍԱՇՎ կատարելուց հետո 5-10 վայրկյանի ընթացքում ստուգեք տուժածի անոթազարկը։ Եթե այն չի շոշափվում, ապա շարունակեք ՍԱՇՎ՝ արդեն երկու րոպեն մեկ ստուգելով անոթազարկը։ Երբ դուք հոգնում եք, և ժամանում է մեկը, ով կարող է փոխարինել ձեզ, ապա փոխարինումը պետք է անել գործողությունների ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածում։
Այն դեպքում, երբ տուժածի անոթազարկը շոշափվում է, ստուգեք շնչառությունը։ Եթե նա չի շնչում, ապա պետք է կատարել միայն արհեստական շնչառություն։ Իսկ եթե վերականգնվել են տուժածի և՛ անոթազարկը, և՛ շնչառությունը, ապա բերեք նրան կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Երկու հոգով ՍԱՇՎ կատարումը: Եթե դուք երկուսով եք, ապա ձեզանից մեկը պետք է ահազանգի շտապ օգնություն, իսկ մյուսը սկսի անմիջապես կատարել ՍԱՇՎ։ Սակայն ՍԱՇՎ հնարավոր է կատարել նաև երկուսով (նկ. 6.6), որի համար՝
Առաջին փրկարարը կատարում է 2 ներփչումը։
Երկրորդ փրկարարը ծնկի է իջնում տուժածի մյուս կողքին՝ առաջին փրկարարի դիմաց։ Անոթազարկի բացակայության դեպքում նա գտնում է սեղմման տեղը և կատարում 5 սեղմում։
Դրանից հետո առաջին փրկարարը կատարում է 
1 ներփչում։
Երկու փրկարարով ՍԱՇՎ կատարվում է 5 սեղմում և 1 ներփչում հերթականությամբ (5 սեղմում պետք է կատարել 3,5 վայրկյանի ընթացքում, իսկ 1 ներփչումը` 1,5 վայրկյանի ընթացքում)։ Սեղմում/ներփչում գործողությունների ցիկլը (5 սեղմում և 1 ներփչում) պետք է կատարել մեկ րոպեում տասներկու անգամ։ Վերոհիշյալ եղանակով ՍԱՇՎ կատարելիս ներփչումներ կատարող փրկարարը վերահսկում է շնչառությունը և անոթազարկը, ինչպես նաև հաշվում է ցիկլերը։

ՍԱՇՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺԱԾ (1-8 ՏԱՐԵԿԱՆ)

Հաշվի առնելով անչափահասների մարմնի առանձնահատկությունները (կրծքավանդակը չափերով փոքր է, անոթազարկն ու շնչառությունն ավելի հաճախակի են)՝ ՍԱՇՎ կատարման տեխնիկայի մեջ արվում են որոշ փոփոխություններ։ Փոխվում են ներփչումների և սեղմումների հաճախությունները, ձեռքերի դիրքը, սեղմման խորությունը և ուժը (աղյուսակ 6.1)։

ՕԳՆՈՂԻ ԴԻՐՔԸ
Ծնկի իջեք տուժածի մոտ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Անչափահաս տուժածին ՍԱՇՎ կատարելիս կրծքավանդակի սեղմումը պետք է կատարել մեկ ձեռքով, իսկ մյուս ձեռքով պետք է պահել տուժածի գլուխը՝ ապահովելով շնչուղիների անցանելիությունը։


Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ  Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար
պատասխանատվություն չի կրում
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐԸ
Կրծքավանդակի սեղմումներ պետք է կատարել տուժածի անոթազարկի բացակայությունը հայտնաբերելուց անմիջապես հետո։

Կրծքավանդակի սեղմման տեղի որոշումը: Գտեք տուժածի կրծոսկրի ստորին կետը՝ կողոսկրերի կրծոսկրին միացման տեղը։ Ձեր ձեռքի մի մատը տեղադրեք թրաձև ելունից անմիջա-պես վերև և մյուս ձեռքի ափի բլրակը տեղադրեք այդ մատի կողքին՝ կրծոսկրի ստորին մասում։

Կրծքավանդակի սեղմումների կատարումը: Ձեռքի ափի բլրակով կատարեք սեղմում։ Մատները բարձր պահեք կրծքավանդակից։ Հիշե՛ք, անչափահասին ՍԱՇՎ անելիս սեղմում կատարում են մեկ ձեռքով։ Ամեն սեղմման ժամանակ կրծքավանդակը պետք է իջնի 2,5-3,0 սմ։

ՍԵՂՄՈԻՄ/ՆԵՐՓՉՈԻՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԻԿԼԸ
Անչափահասների ՍԱՇՎ ժամանակ հաջորդաբար կատարեք 5 սեղմում (3,0 վրկ.) և 1 ներփչում (2 վրկ.) (նկ. 6.7)։ Այս ցիկլը մեկ րոպեում պետք է կատարել մոտավորապես 12 անգամ։

ՍԱՇՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ. ԾԾԿԵՐ ԵՐԵԽԱ (ՄԻՆՉԵՎ 1 ՏԱՐԵԿԱՆ)

Հաշվի առնելով ծծկեր երեխայի մարմնի առանձնահատկությունները (կրծքավանդակը չափերով շատ փոքր է, անոթազարկն ու շնչառությունն ավելի հաճախ են)՝ ՍԱՇՎ կատարման տեխնիկայի մեջ արվում են որոշ փոփոխություններ: Փոխվում են ներփչումների և սեղմումների հաճախությունները, ձեռքերի դիրքը, սեղմման խորությունը և ուժը (աղյուսակ 6.1)։ 
Ծծկեր երեխային ՍԱՇՎ կատարելիս հիշեք, որ նրա անոթազարկը պետք է շոշափեք երեխայի բազկի ներքին մակերեսին՝ բազկային խոշոր զարկերակի վրա։

Կրծքավանդակի սեղմման տեղի որոշումը: Ծծկեր երեխային ՍԱՇՎ կատարելիս սեղմման ճիշտ տեղը որոշելու համար պատկերացրեք նրա պտուկները միացնող երևակայական գիծը։ Տեղադրեք ձեր ձեռքի ցուցամատը այդ գծին՝ կրծոսկրի վրա։ Այնուհետև միջնամատի և մատնեմատի բարձիկները տեղադրեք կրծոսկրի վրա, այդ գծից ներքև, անմիջապես ցուցամատի կողքին։ Բարձրացրեք ցուցամատը (նկ 6.8)։ Դա սեղմման ճիշտ տեղն է։ Եթե շոշափում եք թրաձև ելունը, ապա մատների բարձիկները կրծոսկրով սահեցրեք մի փոքր վերև և սեղմումները կատարեք այդ տեղում։

Կրծքավանդակի սեղմումների կատարումը: Ծծկեր երեխայի կրծքավանդակի սեղմումները կատարելիս օգտագործեք միայն ձեր մատների բարձիկները։ Սեղմումները կատարեք այնպես, որ կրծոսկրն իջնի 1,0-2,0 սմ։ Սեղմումները կատարեք ուղիղ ներքև՝ մատները միշտ հպված պահելով սեղմման տեղին։ Սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ, մատ-ները չպետք է ծալվեն։ 

ՍԵՂՄՈԻՄ/ՆԵՐՓՉՈԻՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԻԿԼԸ
Ծծկեր երեխային ՍԱՇՎ կատարելիս հաջորդաբար կատարեք 5 սեղմում (3 վրկ.) և 1 ներփչում (1,0-1,5 վրկ) (նկ– 6.9)։ Այս ցիկլը մեկ րոպեում պետք է կատարել առնվազն 12 անգամ։ Ներփչումները պետք է կատարել այտերում ընդգրկված օդի ծավալով, բերան-քիթ և բերան եղանակով։ Մնացած սկզբունքները նույնն են, ինչ որ անչափահաս տուժածների ՍԱՇՎ-ի դեպքում։


Դուք պետք է շարունակեք սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը, մինչև՝

շոշափվի տուժածի անոթազարկը,
ձեզ փոխարինի մեկ ուրիշ փրկարար,
ժամանի շտապ օգնությունը,
շրջապատը դառնա վտանգավոր,
դուք այլևս ի վիճակի չլինեք շարունակել։

Անոթազարկի վերականգնման դեպքում ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։ Շնչառության բացակայության դեպքում կատարեք արհեստական շնչառություն (տե'ս "ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ"), շնչառության առկայության դեպքում տուժածին բերեք կողքի ապահովության դիրքի (տե'ս "ԿՈՂՔԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԴԻՐՔ")։

www.med-practic.com