Medic Health Group
Medic Health Network

ՄԱՀՎԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Կլինիկական մահ՝ ինպես է դա եղել. պատմում է բժիշկ-անեսթեզիոլոգը



Բժիշկ-անեսթեզիոլոգ Արթուր Հակոբյանը կլինիկական մահ է ապրել 1978 թվականին 28-ամյա հասակում, ինչից հետո լրջորեն սկսել է ուսումնասիրել այն հարցը, թե ինչ է տեղի ունենում կլինիկական մահվան ժամանակ: Բազմամյա հետազոտությունների արդյունքը «Կյանքի եւ մահվան շփման եզրագիծն ու մարդկային գիտակցությունը» գիրքն է, որը շուտով լույս կտեսնի:

Նրա պատմությունն այս է՝ կույրաղիքի վիրահատության ընթացքում նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, հետո պերիտոնիտ, կպումներ, այս ֆոնի վրա տեղի է ունեցել զարկերակային ճնշման կտրուկ անկում եւ նա կլինիկական մահ է տարել, որը տեւել է մոտավորապես 2-2.5 րոպե:

Ընդհանրապես կլինիկական մահը կարող է տեւել 4-ից 6 րոպե, դա այն ժամանակահատվածն է, երբ մարդու օրգանիզմի բիոքիմիական պրոցեսները դարձելի են, դրանից հետո վերջիններս դառնում են անդառնալի:

2-2,5 րոպեների ընթացքում բժիշկը, իր խոսքով, դասական կլինիկական մահ է ապրել, որն իր մեջ ներառում է 10-12 դրվագ:

Թռիչք սեւ թունելի միջով դեպի լույսը։ «Հոգին ձգտում է դեպի լույսը, որովհետեւ մութը նեղում է, դիսկոմֆորտի զգացողություն է լինում, վախի եւ ճնշվածության։ Լույսը նաեւ հույս է, որ հոգին կազատվի այդ ճնշվածությունից։ Մոտենալով լույսին, հոգին մխրճվում է նրա մեջ, միանգամից տագնապի զգացողությունը վերանում է», - ասում է նա։ Ըստ բժշկի, լույսը ամենուրեք էր, դա նման էր այն բանի, որ երբ ինքնաթիռը ընթացքի ժամանակ մտնում է ամպի մեջ, բոլոր պատուհաններից, չորս բոլորը ամպ է երեւում։ «Իսկ այստեղ չորս կողմը լույս էր, եւ դու քեզ ապահով էիր զգում», - պատմում է նա NEWS.am Medicine-ին։

Հաջորդ դրվագը՝ կյանքի պատկերների դիտումն է երեւակայական էկրանի վրա։ Ըստ Ա. Հակոբյանի, այնպիսի տպավորություն էր, որ կյանքն այդ պահին նորից էր ապրվում, եւ ոչինչ հնարավոր չէր թաքցնել այդ էկրանից։ Նրա հետ այդ ամենին հետեւում էր լուսավոր մի էակ՝ պահապան հրեշտակը։ Եվ կյանքի գործողություններին գնահատական էր տրվում, եւ հատուկ նշվում էին բացասական պահերը։

Հաջորդ դրվագը՝ Աստրալ տարածության մեջ հայտնվելն է, որտեղ հոգին աստրալ մարմնում տելեպատիկ հատկություններ է ձեռք բերում եւ հեռավորության վրա հասկանում է այլ աստրալ մարմինների մտքերը։

Մինչ նա փորձում էր հասկանալ, թե որտեղ է ինքը եւ ինչ է կատարվում (այդ պահին դու ի վիճակի չես վերլուծելու, թե ին՞չ է քեզ հետ տեղի ունենում) լույսի շողով վերեւից իջավ իր մահացած բարեկամներից մեկը՝ Սերյոժան: Ըստ անեսթեզիոլոգի, մահվանից հետո Սերյոժան անընդհատ հայտնվում էր նրան երազում։ Անընդհատ կրկնվում էր միեւնույն երազը. «Իբրեւ թե Սերյոժան չի մահացել, ես կարողացել եմ նրան վերակենդանացնել»։

«Ես այնպիսի թեթեւություն, այնպիսի ուրախություն ապրեցի, երբ տեսա նրան: Ես մոտեցա, ուզում էի փաթաթվել, հարցնել որտեղ ենք մենք գտնվում: Բայց նա ոչինչ չասաց ինձ, ձեռքս բռնեց եւ բարձրացրեց ավելի լուսավոր տարածություն: Այս զգացողությունը կարելի է թռիչքի հետ համեմատել»,- պատմում է Ա. Հակոբյանը:

Եւ հետո, վերեւում, այդ աստրալ տարածությունում տեղի է ունենում հանդիպումը լույսի աղբյուրի հետ՝ Աստվածային Քրիստոսի։ «Մարդու լեզուն ի վիճակի չէ նկարագրել դա», - ասում է նա։ Ա.Հակոբյանը պատմում է, որ Սերյոժան խնդրեց Աստծուն իրեն հետ ուղարկել Երկիր, ու երբ Աստված նայեց նրան, կարծես արեւ մտավ մեջը, եւ նա կարծես կորցրեց գիտակցությունը։

Հետո բժիշկը հիշում է մի միջտիեզարական տարածություն եւ սահման, որի մի կողմում անապատ է, իսկ մյուս կողմում դրախտային մի երկիր՝ ծաղիկներով, ծառերով, թիթեռնիկներով... Եվ այդ սահմանին կանգնած էր դռան պահապանը։ «Այնպիսի տպավորություն էր, որ եթե անցնեմ սահմանը, վերադարձի ճանապարհ այլեւս չի լինելու» ,- ասում է նա:

Հետո Ա. Հակոբյանը հայտնվել է հիվանդանոցային պալատում, ուր բժիշկները փորձում էին նրան վերակենդանացնել։ Գործընկերները որոշում էին կայացրել անջատել բժշկական սարքերը, քանի որ նրան մահացած էին համարում։ Նա անգամ փորձել էր խանգարել, կանգնել բուժքրոջ առջեւ, բայց կինը անցել էր նրա միջով, եւ հասկանալի էր դարձել, որ իրեն չեն տեսնում։ Հետո հոգին ինքն իրեն վերադարձել էր ֆիզիկական մարմին, եւ առաջինը, ինչ զգացել էր բժիշկը դրանից հետո, դա ծանրության ու սառնության զգացողությունն էր, կարծես նա հայտնվել էր խորը անդունդում կամ ջրհորում։

Ըստ Ա. Հակոբյանի, ժամանակը կլինիկական մահվան ընթացքում լրիվ այլ տեւողություն ունի: «Այն շատ հարաբերական է: Մի քանի վայրկյանի ընթացքում մարդու հոգին կարող է ինֆորմացիայի այնպիսի ծավալ ստանալ, որ թվում է, ժամեր եւ օրեր են անցել, բայց իրականում անցել է ընդամենը մի քանի վայրկյան»,- պատմում է բժիշկը:

Գրքում նա մանրամասնորեն նկարագրել է իր հիշողությունները, ինչպես նաեւ իր հետ տեղի ունեցած երեւույթին փորձել է բացատրություն տալ տարբեր տեսանկյուններից՝ բժշկական, փիլիսոփայական, հոգեւոր եւ կրոնական, քանի որ, ըստ նրա, զուտ բժշկությունը շատ հարցերի պատասխանը չունի, եւ տվյալ երեւույթին լիարժեք բացատրություն կարելի է տալ միայն ոչ առարկայական հարթության վրա: «Այս ամենն ապացուցում է բոլոր մեծ կրոնների ուսմունքն այն մասին, որ մարդու հոգին անմահ է»,- ասում է նա:

Ա.Հակոբյանը ծանոթացել է այս բնագավառի բոլոր գիտական աշխատանքներին. սկիզբը դրվել է ԱՄՆ-ում անցյալ հարյուրամյակի 60-ական թվականներին, երբ բժշկությունը սկսել է հետաքրքրվել մահամերձ վիճակում գտնվող ուռուցքային հիվանդների վիճակով: Հետազոտությունները հետաքրքիր բան են բացահայտել. Գիտակցությունը չկորցրած հիվանդները մահից մեկ ժամ առաջ պատմել են, թե ինչպես են զրուցել իրենց մահացած հարազատների հետ: Ավելին, ցավը նվազել է, եւ նրանք ինչ-որ էյֆորիկ վիճակ են ապրել, լուսավոր մի պահ մահից առաջ:

Ուռուցքային հիվանդների վրա հոգեմետ դեղամիջոց ԼՍԴ-ի ազդեցության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի ազդեցության ավարտի հետ հիվանդների մոտ գրեթե վերանում է մահվան վախը, տեղի է ունենում հոգեկան վերափոխում, սկսում են գերակշռել կրոնական մոտեցումները: Փաստացի, ԼՍԴ-ի ներարկումից հետո հիվանդները վերապրում են մահվան միստերիա, նրանք վերապրում են գրեթե նույն բանը, ինչ կլինիկական մահվան ժամանակ:

Այս հարցի ուսումնասիրման հաջորդ կարեւոր փուլը եղավ Ռայմոնդ Մոուդիի «Կյանքը կյանքից հետո» գիրքը, որը բում, շոկ առաջացրեց արեւմտյան հասարակությունում: «Նա հետազոտել է 150 հիվանդի, ովքեր կամ կլինիկական մահ են վերապրել կամ մոտ են եղել մահվանը: Մոուդին նկատել է, որ այս մարդկանց հաղորդագրությունները շատ նման են եղել միմյանց՝ թռիչք մութ թունելով, հանդիպում վառ լույսի հետ, անցած ողջ կյանքի համայնապատկեր, հոգեւոր արարածի, մահացած հարազատների հետ հանդիպում, ինչպես նաեւ աստվածային էակի հետ հանդիպում եւ եզակի գիտելիքի ձեռք բերում»,- ասում է նա:

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ կլինիկական մահ վերապրած մարդկանց միայն 40%-ն է հետո ինչ-որ բան հիշում: Նրանցից 15%-ն ունակ է ամբողջությամբ նկարագրել կլինիկական մահվան ժամանակ տեղի ունեցած բոլոր փուլերը: Կլինիկական մահ վերապրածների մոտ 80% -ը երանություն է ապրել:

Կա մահվան հետ հանդիպման չորս տեսակ՝ առաջին դեպքում մարդիկ վերապրում են բոլոր փուլերը, բայց չեն կարողանում ապացուցել, երկրորդ դեպքում՝ մարդիկ 90% ճշգրտությամբ պատմում են, թե ինչ է կատարվել իրենց մարմնի հետ, երբ իրենք գտնվել են նրանից դուրս: Երրորդ դեպքում մարդկանց հաջողվել է տեղեկություններ հաղորդել իրենց հարազատներին, իսկ չորրորդ դեպքում՝ նրանք որպես ուրվական ներկայացել են իրենց հարազատներին, նրանց տեսնող է եղել։ «Սրանք փաստեր են, որոնք չի կարելի անտեսել։ Սա հեքիաթ չէ, երեւակայության արդյունք չէ, սա իրականություն է», - ասում է Արթուր Հակոբյանը։

Անահիտ Սարգսյան