Medic Health Group
Medic Health Network

ՄԱՀՎԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Մահ

Մարդու գանգը հաճախ օգտագործվում է որպես մահվան խորհրդանիշ
Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։ Մահվան առավել հաճախակի պատճառներ հանդիսացող պատահարներից ու իրադարձություններից են հիվանդությունները, որսը, թերսնուցումը և ծանր վնասվածքների հանգեցնող դժբախտ պատահարները։ Միաբջիջ օրգանիզմի գոյության շրջանի ավարտ կարող է հանդիսանալ ինչպես մահը, այնպես էլ դրա միտոտիկ բաշխումը:

Մահվան էությունը հազարամյակներ շարունակ հանդիսացել է կրոնների ուշադրության կենտրոն և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու գոյության և վերածննդի զանազան վարկածները կրոնական հավատների հիմնասյունն են։

Մահվան փիլիսոփոյական ըմբռնումը
Մահը չի կարելի ընդունել որպես կյանքի հակապատկեր, քանի որ մահը ոչ թե կյանքի բացակայությունն է, այլ դրա ավարտը։ Այդ պատճառով մահվանը հակադրվում է ոչ թե կյանքը, այլ ծնունդը։ Երկրագնդի վրա դեռ հայտնի է կյանքի միայն մի տարատեսակ, որը սպիտակուցային մակրոմոլեկուլներից առաջացած կյանքն է։ Կյանքի այլ տեսակներ՝ դրանց նկարագրությունների հետ հանդերձ. կարելի է հանդիպել միայն ֆանտաստիկ ստեղծագործությունների մեջ, որոնցում կյանքի կրիչներ կարող են հանդիսանալ էներգետիկ դաշտերը, կրեմնիումաօրգանական միացությունները և այլն։

Արթուր Շոպենհաուերը ստեղծել էր պալինգենեսիսի տեսությունը, որը կրոնական ռեինկարնացիայի այլընտրանքային տարբերակն է։ Համաձայն նրա տեսության մարդկային կամքը երբեք չի մահանում, այլ փոխարենը ունակ է իր արտահայտումը գտնել նոր անհատների մեջ։ Շոպենհաուերը դրա հետ մեկտեղ բառացում է ռեինկարնացիոն ուսմուքի հիմնական գաղափարները կապված հոգու վերաբնակեցման հետ։ Պալինգենեսիսի տեսությունը ներկայացվել է Շոպենհաուերի «Աշխարհը որպես կամք և պատկերացում» աշխատության մեջ, մասնավորապես՝ դրա «Մահը և մահվան հարաբերությունը մեր էության անկործանելիությանը» գլխում։ Ի տարբերություն անսահման անհատականության, պալինգենեսիսը մարդկանց միջև եղած տարածական սահմանները գնահատում է որպես բնազանցորեն նշանակալից, այսինքն համաձայն նրա մեկ անձը ի վիճակի չէ միաժամանակ գոյություն ունենալ տարածության երկու և ավելի վայրերում։

Ա. Շոպենհաուերի հայացքներին համահունչ պատկերացումներ ունեցող մտածուղականներից է ավստրիացի ֆիզիկոս-տեսաբան և 1933 թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Էրվին Շրյոդինգերը:[1] Սակայն Շրյոդինգերը ավելի ռադիկալ հայացքներ էր հետևում, որոնք փիլիսոփա Դանիել Կոլակը սահմանել էր որպես «անսահման անհատականություն»:


Շրյոդինգերն այսպիսի հարցադրում էր անում՝ «Դուք անշուշտ եղել եք 16 տարեկան, և ձեզ չարչարել են կիրքերը: Ի՞նչ է պահպանվել ձեր այն «Ես»-ից, որը այդ կրքերի կրիչն էր հանդիսանում: Չէ՞ որ որպես «Ես»-ի ոմն մարմնավորում դա նույնպես դուք էիք՝ ձեր մարմնի, ձեր ներապրումների և այլնի հետ մեկտեղ: Բայց դուք նրան չեք հիշում, մինչդեռ դուք կաք: Ուրեմն՝ դուք ուրիշ «Ես» եք: Ժամանակի ցանկացած պահի ձեր նախկին «Ես»-երը ձեզ թվում էին, որ նրանք են առավել կարևորը և ամենավերջինը, բայց նրանք փոխարինվում էին միմյանցով նույնիսկ չառաջացնելով պատկերացում մահվան մասին: Նրանք բոլորը մահացան, իսկ «մահ» տերմինը նույնիսկ չծագեց: Եվ, մի գուցե, ձեր ներկայիս «Ես»-ը նույնպես մի երևակայական բան է, մի քանի ժամով, մի քանի օրով կամ ամսով մարմնացված անձ, որը նույնպես կփոխարինվի մեկ ուրիշով, ինչպես բոլոր նախորդող անձինք»: Այդ դեպքում ի՞նչ իմաստ կա, ասում է Շրյոդինգերը, վախենալ մահվանից: 

Մահվան հասկացությունը գիտության մեջ



երկնային թաղման հովիտ Յերպայում, Լհասա
Գրեթե բոլոր մշակույթներում մահվան հասկացությունը և դրա ըմբռնումը կենտրոնական դեր են խաղում հասարակարգի ձևավորման մեջ և ուժեղ ազդեցություն ունեն այդ հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունների վրա։ Մահը հանդիսացել է կրոնների ստեղծման կարևորագույն նախադրյալներից մեկը, թույլ տալով երկրների կրոնական համակարգի կառավարիչներին պատերազմներ սկսել (խաչակրանց արշավանքներ, ջիհադ) և բազմակողմանիորեն կարգավորել բնակչության ապրելակերպը, թելադրել մշակույթի և արվեստի(կրթություն, երաշժտություն, ճարտարապետություն, գեղանկարչություն) զարգացման ուղին։

Մահվան անխուսափելիությունը, հանդերձյալ գոյությանը հավատի հետ մեկտեղ, մահացածների դիակներից ազատվելու կամ դրանք պահելու հարց է բարձրացրել։ Տարբեր կրոններ տարբեր դարաշրջաններում այդ հարցին տարբեր լուծումներ էին տալիս։ Մասնավորապես, նման պատկերացումները շատ մշակույթներում հանգեցրել են ծիսակարգային թաղման համար նախատեսված տարածքային հատուկ միավորների՝ գերեզմանների ստեղծմանը։ Շատ կրոններում մնացած դիակին՝ ընդհակառակը՝ նման կարևորություն չի տրվում։ Դրանցում ընդունելի են դիակներից ազատման այլ եղանակներ, օրինակ դրանց կիզումը, կամ Տիբեթում կիրառվող երկնային թաղումը:[3] Վերջինիս ժամանակ դիակները համապատասխան կերպով նախապատրաստվում են և թողնվում սարի գագաթին, թևավոր գիշատիչներին օգտագործելով որպես արարողության տարր։ Տիբեթում կանոնակարգված պատրաստությունները, որոնք համարվում է, որ հոգուն պետք է ռեինկարնացիայի հնարավորություն տան խորը ուսումնասիրման առարկա են հանդիսանում։ Մումիֆիկացիան կամ զմռսումը որոշ մշակույթներում նույնպես տարածված երևույթ է։ Այն նպատակադրված է դանդաղեցնելու մարմնի քայքայումը :

Բազում մշակույթներում մահը նաև իրավական արտահայտում է ստացել։ Մասնավորապես, հանգուցյալի սեփականության վերաբաշխման հետ կապված հարցերի կարգավորումը, ժառանգական իրավունքների սահմանումը, ինչպես նաև ժառանգության հարկումը որոշ երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։

Մահապատիժը մահվան մեկ այլ արտահայտում է հասարակության մեջ։ Մահապատիժը այն կիրառող իրավական համակարգերի մեծամասնությունում նախատեսվում է կանխամտածված սպանության, լրտեսության, դավաճանության համար՝ որպես ռազմական դատարանի միջոց։ Որոշ երկրներում այն նաև գործածվում է սեռային (ամուսնական դավաճանություն, սոդոմիա) և կրոնային (կրոնական դասալքություն, պետական կրոնից պաշտոնական հրաժարում) հանցագործությունների դեպքում։ Շատ վարչահրամայական համակարգերում թմրամիջոցների թրաֆիքինգը նույնպես պատժվում է մահապատժով։ Չինաստանում մահապատիժ է նախատեսված նաև մարդկային թրաֆիքինգի և կաշառակերության ծանր դեպքերի համար։ Բազմազան երկրների զինվորական ուժերում ռազմական տրիբունալի որոշմամբ մահապատիժ է նախատեսված վախկոտության, դասալքություն, չհնազանդման և ըմբոստության համար։

Մշակութային հատուկ նշանակալիություն ունեն պատերազների ժամանակ տեղի ունեցող մահերը և սուիցիդալ հարձակումները, որոնցից են ահաբեկչական և կամիկաձեների մարտավարության արտահայտումները։

Հասարակության մեջ հաճախ նաև բանավեճեր են ծագում ինքնասպանությանը և էվթանազիայի թույլատրելիության խնդիրների շուրջ։ Երկու հարցերն էլ շատ տարբեր գնահատականներ են ստանում տարբեր մշակույթների և հասարակական խավերի կողմից։ Օրինակ Ճապոնիայում սեփական կյանքի դադարեցումը համաձայն պատվի կանոնների սեպպուկու իրականացման միջոցով համարվում էր ցանկալի մահվան եղանակ։ Մինչդեռ քրիստոնեական և իսլամական կրոնները ցանկացած ինքնասպանություն գնահատում են որպես ծանր մեղք։

Բժշկագիտություն

Մահվան տեսակները և սահմանային փուլերը
Առանձնացնում են մահվան մի քանի տեսակներ՝ կլինիկական մահ, կենսաբանական (իսկական) մահ և ուղեղի մահ:

Մահվանը միշտ նախորդում են սահմանային վիճակները՝ նախհոգեվարքային վիճակը, հոգեվարքային վիճակը և կլինիկական մահը: Այս երեքը միասին կարող են տարբեր տևողություն ունենալ՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ և նույնիկս օր։ Մահվանը՝ անկախ նրա առաջխաղացման թափից, միշտ նախորդում է կլինիկական մահվան վիճակը։ Վերակենդանացման միջոցառումների բացակայության, կամ դրանց ապարդյուն լինելու դեպքում վրա է հասնում կենսաբանական մահը, որն իրենից ներկայացնում է կենսագործընթացների անվերականգնելի ընդհատում բջիջներում և հյուսվածքներում։:

Նախհոգեվարքային վիճակ
Նախհոգեվարքային վիճակում տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի գործառնությունների խախտում (սոպոր և կոմա), զարկերակային ճնշման նվազեցում, արյունահոսության կենտրոնացում։ Շնչառությունը խախտվում է, դառնում մակերեսային և անկանոն (սակայն միաժամանակ կարող է լինել նաև հաճախակի)։ Թոքերի թերի օդափոխությունը հանգեցնում է հյուսվածքների թթվածնային անբավարարվածության (հյուսվածքային ացիդոզ), բայց որպես գերակայող նյութափոխանակության ձև պահպանվում է օքսիդացումը։ Նախհոգեվարքային վիճակի տևողությունը կարող է տարբեր լինել։ Այն կարող է ինչպես իսպառ բացակայել (օրինակ սրտային ծանր մեխանիկական վնասվածքների դեպքում), այնպես էլ տևել բավական երկար ժամանակահատված, եթե օրգանիզմը ի վիճակի է որևէ կերպով համակշռել կենսագործունեության ճնշվածությունը (օրինակ արյան կորստի դեպքում)։

Արդյունավետ բուժօգնության բացակայության դեպքում մահացման գործընթացը սաստկանում է, և նախհոգեվարքային վիճակը փոխակերպվում է սահմանային դադարով։ Այն բնութագրվում է նրանով, որ շնչառությունը հաճախակի ընթացքից հետո հանկարծակիորեն և ամբողջովին կանգ է առնում։ Նկատվում են նաև 1-2-ից մինչև 10-15 վայրկյան տևողությամբ սրտի աշխատանքի կանգառներ։

Հոգեվարք
Հոգեվարքը դա օրգանիզմի փորձերն են շարունակել կենսագործունեության ընթացքը պահուստային ռեսուրսների հաշվին կենսական կարևորության օրգանների ուժեղ թերգործման պայմաններում։ Այս գործընթացի սկզբում բարձրանում է զարկերակային ճնշումը, վերականգնվում է սրտի ռիթմը, սկսվում են ուժեղ շնչողական շարժումներ, բայց թոքերը դրանցից թթվածին չեն ստանում, քանզի կրճատվում են ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման համար պատասխանատու մկանները։ Այս փուլում գիտակցությունը կարող է կարճատևորեն վերականգնվել։

Թթվածնի բացակայության պատճառով հյուսվածքներում արագ կուտակվում են թերի օքսիդացված նյութափոխանակության արգասիքներ։ Նյութափոխանակությունը առավելապես ընթանում է անաէրոբ ծրագրով։ Օրգանիզմը հոգեվարքի ժամանակ կորցնում է 50-80 գրամ քաշ ԱԵՖ-ի սպառման պատճառով։[4] Հոգեվարքը սովորաբար 5-6 րոպեից ավել չի տևում, սակայն եզակի դեպքերում կարող է ձգվել մինչև կես ժամ։ Հոգեվարքը ավարտվում է ճնշման անկումով, սրտի կրճատումների և շնչառության դադարով՝ այդպիսով փոխակերպվելով կլինիկական մահվան։

Կլինիկական մահ

Գլխուղեղի կեղևը (Cerebrum) և Փոքր ուղեղը (Cerebellum) առավել զգայունն են թթվածնային քաղցի նկատմամբ
Կլինիկական մահվան մեջ է մտնում սրտային աշխատանքի, շնչառության և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի դադարից մինչև գլխուղեղում անվերականգնելի պաթոլոգիական փոփոխությունների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը։ Կլինիկական մահվան ընթացքում անաէրոբ նյութափոխանակությունը շարունակվում է մինչև բջիջներում եղած պաշարների սպառումը, որից հետո բջիջները սկսում են մահանալ։ Գլխուղեղի կեղևում և փոքր ուղեղում, որոնք ամենազգայունն են թթվածնային քաղծի նկատմամբ, թթվածնի թարմ պաշարների չմատակարարման դեպքում 2-2.5 րոպե հետո հյուսվածքների բջիջները սկսում են մահանալ։ Կեղևի մահվանից հետո օրգանիզմի կենսագործունեությունն այլևս հնարավոր չէ վերականգնել. դա այն փուլն է, երբ կլինիկական մահը վերածվում է կենսաբանականի։

Քանի որ ժամանակակից վերակենդանացման միջոցները (որոնցից են անհրաժեշտ նվազագույն զարկերակային ճնշման սատարումը, արյան մաքրումը, թոքերի արհեստական օդափոխությունը, արյան փոխներարկումը կամ արյան դոնորական արհեստական շրջանառությունը և այլն) հնարավորություն են տալիս պահպանել նյարդային հյուսվածքների կյանքը բավականաչափ երկար, ապա հաջողակ վերակենդանացման միջոցառումների իրականացման դեպքում որպես կլինիկական մահվան միջակայք են դիտարկում սրտի աշխատանքի դադարից մինչև վերակենդանացման սկիզբն ընկած ժամանակահատվածը։

Սովորաբար կլինիկական մահը տևում է հինգից վեց րոպե։ Տևողության վրա ազդում են մահվան պատճառը, պայմանները, մահացման տևողությունը, մահացողի տարիքը, նրա գրգռվածության աստիճանը, մարմնի ջերմաստիճանը մահացման ընթացքում և այլ գործոններ։ Եզակի դեպքերում կլինիկական մահը կարող է ձգվել մինչև կես ժամ՝ օրինակ սառը ջրում ջրահեղձման դեպքում, երբ ցածր ջերմաստիճանի շնորհիվ նյութափոխանակությունը (այդ թվում և գլխուղեղում ընթացող) նշանակալիորեն դանդաղում է։ Մարմնի պրոֆիլակտիկ արհեստական սառեցման շնորհիվ (հիպոթերմիա) կլինիմահվաան ընթացքը կարելի է երկարացնել մինչև երկու ժամ։ Կլինիկական մահվան տևողության վրա մի շարք գործոններ կարող են նաև բացասաբար ազդել. օրինակ արյան ծանր կորստներից մահացման դեպքում նյարդային հյուսվածքներում տեղի ունեցող պաթոլոգիական փոփոխությունները վերակենդանացումը կարող են դարձնել անհնար մինչ սրտի աշխատանքի ընդհատումը։

Տեսականորեն մահը հակադարձելի է՝ վերակենդանացման ժամանակակից միջոցները որոշ դեպքերում հնարավորություն են տալիս վերակենդանացնել կենսականորեն կարևոր օրգանների գործառնությունը, որից հետո վերակտիվանում է կենտրոնական նյարդային համակարգը, և վերադառնում է գիտակցությունը։ Սակայն իրականում լուրջ հետևանքներից զերծ մնացած կլինիկական մահ ապրած մարդիկ այդքան էլ շատ չեն։ Կլինիկական մահվանից հետո ստացիոնար խնամքի պայմաններում լիովին ապաքինվում է խնամառուների 4-6%, ևս 3-4%-ը ողջ է մնում, բայց ստանում է բարձրագույն նյարդային գործունեության ծանր խանգարումներ, իսկ մնացածը մահանում են Որոշ դեպքերում տարաժամ վերակենդանացման միջոցառումների, կամ խնամառուի թերծանր վիճակի պատճառով նման միջոցառումների անարդյունավետության հետևանքով խնամառուն անցնում է այսպես կոչված վեգետատիվ վիճակի:

Կենսաբանություն

Անձրևորդերն ու սնկերը դետրիտոֆագերի լավ օրինակներ են:

Միայն սնկերն են արտադրում էնզիմներ, որոնք կարող են քայքայել լիգնինը՝ բարդ քիմիական միացությունը, որը կա փայտի մեջ:
Մահվանից հետո օրգանիզմի մնացորդները դառնում են բիոքիմիական ցիկլի տարր։ Կենդանիների դիակները սկսում են կլանվել գիշատիչների և լեշակերների կողմից։ Հետագա փուլերում օրգանական մնացորդները ավելի մանրակրկիտ կազմալուծման են ենթարկվում դետրիտոֆագերի կողմից։ Դետրիոֆագերը օրգանիզմեր են, որոնք զբաղվում են դետրիտուսի մշակմամբ, վերադարձնելով այն շրջակա միջավայր սննդային շղթայում հետագա օգտագործման համար։ Դետրիտոֆագ են հանդիսանում անձրևորդերը, նեպուկները, կոյաբնդիռները և այլն։

Միկրոօրգանիզմները նույնպես կարևոր դեր են խաղում՝ բարձրացնելով կազմալուծվող գործվածքների ջերմաստիճանը ավելի տարրական մոլեկուլային կառուցվածքների այն վերածելու համար: Որոշ նյութեր սակայն ենթակա չեն սահմանային կազմալուծման։ Նման նյութի օրինակ է հանածո վառելիք հանդիսացող ածուխը, որի ձևավորման համար պահանջվում են ժամանակային հսկայական միջակայքեր մորուտային էկոհամակարգերում:

Բնական ընտրություն

Ժամանակակից էվոլյուցիոն տեսությունը մահն ընդունում է որպես բնական ընտրության կարևոր տարր։ Համարվում է, որ շրջակա միջավայրին ավելի վատ հարմարված օրգանիզմները ավելի մեծ հավանականություն ունեն մահանալ թողնելով սակավ սերունդներ՝ այդպիսով նվազեցնելով նաև նրանց ներդրումը գենաֆոնդում։ Այդպիսով նրանք գեները ի վերջո դուրս են մնում պոպուլյացիա մեջից՝ հանգեցնելով տեսակի ոչնչացման կամ նոր տեսակի առաջացման։ Տեսակի գոյատևման մեջ, համաձայն դարվինյան չափանիշների, շատ կարևոր դեր է խաղում նաև բազմացման հաճախականությունը։ Այսպես, վաղ մահացած, բայց շատ բազմացած օրգանիզմը ավելի ճկուն է գոյատևման հարցում, քան երկար ապրած, բայց քիչ ժառանգներ թողած օրգանիզմը։

Մահվան արտահայտումը կրոնի և դիցաբանության մեջ

Շատ դեպքերում հմայքի հասնող ուշադրությունը մահվան նկատմամբ մարդկանց մոտ առկա է եղել հնագույն ժամանակներից։

Անցյալում մարդիկ պաշտամունքներ են ստեղծել մահվան աստվածների և մարմնավորումների շուրջը։ Այդ առումով հայտնի են Անուբիսը, Օսիրիսը, Աիդեսը և Santa Muerte-ն։ «La Santa Muerte», կամ Սուրբ Մահը, որը նույնպես մահվան մարմնավորում է հանդիսանում, այսօր պաշտվում է շատերի կողմից Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրներում։ Նոյեմբերի 2-ին նշվող «Día de los Muertos», կամ «Մահացածների Օրը» Մեքսիկայի ժողովուրդը, ինչպես և ԱՄՆ-ում և Կանադայյում ապրող մեքսիկա-ամերիկացիները ընտանիքներով հավաքվում են հիշատակելու իրենց մահացած հարազատներին։

Մահվան նշանակությունը Հին Եգիպտոսում

Եգիպտական դիցաբանության Ամուն աստվածը
Հին եգիպտացիները հայտնի են որպես մահվան և մահվան պանթեոնին հատուկ ուշադրություն դարձնող ազգ։ Նրանք իրենց պատվավոր մեռյալներին մումիֆիկացնում էին և շինում նրանց համար հսկայական մահարձաններ, որոնցից են Գիզայի բուրգերը։ Նրանց աստվածներից շատերը կապվածություն ունեին մահվան հետ։

Այսպես, Ամուտը, որի անունը նշանակում էր Խժռող՝ կամ Ոսկրակեր, դև-կին էր, որի մարմինը 1/3-ով կազմված էր կոկորդիլոսից, 1/3-ով գետաձիուց և 1/3-ով առյուծից՝ դրանք հին եգիպտացիներին հայտնի երեք խոշորագույն մարդակեր գազաններն էին։ Նրա տիտղոսներից էին «Մեռելներ Խժռողը» և «Սրտակերը»: Ամուտը հաճախ պատկերվել է Օսիրիսի դատի տեսարաններում մեղավորների «հոգի խժռողի» դերում. Երբ Անուբիսը կշռում էր մեռյալների հոգիները Երկու Ճշմարտությունների Դահլիճում, Ամուտը խժռում էր ջայլամի փետուրից ծանր դուրս եկածները։

Անուբիսը շնագայլի գլուխ ունեցեղ աստված էր։ Ի սկզբանե նա մեռելների ամենահզոր աստվածն էր, բայց հետագայում նրա իշխանության մի մասն անցել էր Օսիրիսին: Անուբիսը մեռելների վերատեսուչն էր ու թույների, դեղերի և դեղամիջոցների հսկիչը: Նա իր անունները ստանում է թաղման արարողության անբաժան մասը լինելով, օրինակ՝ «Նա, որ իր սարից վեր է»՝ որն ընդգծում է նրա կարևորությունը որպես մահացածների և նրանց գերեզմանատների պաշտպան, և «Նա, որ զմռսման տեղում է»՝ որը կոչված է ասոցիացնել նրան մումիֆիկացման գործընթացի հետ: Հին եգիպտական շատ այլ աստվածների նման՝ Անուբիսը նույնպես իրավիճակից ելնելով տարբեր դերեր է ստանձնում։ Անուբիսի կինը աստվածուհի Անպուտն է, որը հանդիսանում նաև է նրա կանացի կերպը: Նրա դուստրը աստվածուհի Կեբեխետն է:

Օսիրիսը ի սկզբանե վերածննդի և բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստվածն էր, որը ըստ եգիպտական առասպելաբանության նաև եգիպտացիների նահապետն էր և առաջին թագավորը։ Նա, թագավորելով Եգիպտոսում, սովորեցրել է մարդկանց հողագործության և արհեստների, սակայն հետագայում սպանվել է իր կրտսեր երկվորյակ եղբոր՝ Սեթի կողմից, իսկ նրա մարմինը Սեթի հրամանով անդամահատվել է 14 մասի և ցրվել Եգիպտոսի տարբեր շրջաններով մեկ։ Օսիրիսը հետագայում վերակենդանանում է կլանելով իր հետմահու որդի Հորուսի աչքը և, հրաժարվելով վերականգնվել որպես վերերկրյա նահապետ, դառնում Ստորերկրայքի և մեռյալների թագավորության տիրակալը։

Մահվան նշանակությունը Հին Հունաստանում

Աիդեսն ու Կերբերոսը՝ պատկերված «Meyers Konversationslexikon»-ում, 1888 թ.
Ավելի հին հունական դիցաբանության մեջ Աիդեսը (որն անվանվում էր նաև Էրեբուս) մահացածների թախծոտ և մարախլապատ[8] ստորերկրյա հանգրվանն էր, ուր պիտի մեկնեին բոլոր մահկանացուները։ Հետագայում հունական փիլիսոփայության մեջ առաջացավ նաև դատի միտքը, համաձայն որի մահացածների հոգիները արդեն հարկ էին դատ անցնել և ըստ դրա արդյունքների անիծվեին կամ պարգևատրվեին։ Շատ քիչ մահկանացուներ էին կարող լքել այս թագավորությունը այն մուքտ գործելուց հետո. բացառություն կազմող Հերակլը և Թեսեուսը հերոսներ էին։

Հույն առասպելագրերը հետևողական չէին ստորերկրյա թագավորության աշխարհագրական վայրի վերաբերյալ։ Հռոմեական դիցաբանության մեջ մուտքը Ստորերկրայք տեղակայված էր Ավերնուս խառնարանում (Կումաի)։ Դա էր ճանապարհը, որով Էնեյը անցնում էր մեռյալների թագավորություն: Հելլենների պատկերացմամբ հանգուցյալները Ստորեկրայք էին անցնում հատելով Ախերոն գետը Քարոն նավապետի միջնորդությամբ, որն իր ծառայությունների դիմաց մեռյալներից «օբոլ» էր պահանջում։ Վերջինս դրվում էր գետանցի կարիք ունեցող հանգուցյալի բերանը նրա հավատացյալ մտերիմների կողմից։ Աղքատները և միայնակները, համաձայն Վերգիլիոսի «Էնեական»-ի, հարկադրված էին խռնվել գետի նեղ ափին հարյուրավոր տարիներ շարունակ: Գետի հանդիպակաց կողմը հսկում էր Կերբերոսը՝ եռագլուխ շունը, որին կարողացել էր հաղթել Հերակլը (հռոմեական Հերկուլեսը)։ Հանգուցյալների ստվերները՝ անցնելով Կերբերոսին, մուտք էին գործում մեռածների աշխարհ՝ սպասելու իրենց դատին։


Հիպնոզը և Թանատոսը՝ «Քունը և իր Մահը-եղբայրը», Ջ. Վ. Ուոթերհաուս, 1874 թ.
Աիդեսի միջով հինգ գետ էր հոսում, որոնք էին Ախերոնը՝ տխրության գետը; «Cocytus»-ը՝ ողբի գետը; Լիթը՝ մոռացության գետը; «Phlegethon»-ը՝ կրակի գետը և Ստիքսը՝ ատելության գետը։ Ստորերկրայքում կային նաև սպասարկողներ, որոնք, ղեկավարներ չլինելով, կարևոր աստվածներ և արարածներ էին։ Էրինիաները իգական կին-ոգիներ էին, որոնք վրեժ էին գանձում երդում խախտողներից։ Կիռերը, մահվան և ավերածության կանացի ոգիներն էին։ Թանատոսը մահվան դևային մարմնավորումն էր և հունական դիցաբանության մեջ չնչին դեր էր խաղում՝ հաճախ նշվելով, բայց հազվադեպ դերակատարելով։ Ողբերգություններում նա առավել հաճախ ներկայացվում է սև թիկնոցով, թևերով և հնձող սրով։ Թանատոսի պաշտամունքը գոյություն է ունեցել Սպարտայում։ Նա պատկերվել է որպես թևավոր պատանի, հանգած ջահը ձեռքին։

Մահվան նշանակությունը վիկինգների դիցաբանությունում
Վիկինգները հավատում էին, որ եթե զինվորը զոհվի մարտադաշտում, նա հայտնվելու է նորվեգական դրախտում՝ Վալհալլա երկնային շքասրահում, որտեղ քաջարի զինվորները պատրաստվում են Ռագնարյոկին՝ աշխարհի վերջն ուղղեկցող կռվին։ Առանձնահատուկ սխրագործ զինվորների պատվին տեղադրվում էին ռունագիր քարեր, իսկ մահը անկողնու մեջ (ծղնոտե մահ) համարվում էր ստոր։

Մահվան կերպարը արվեստում և գեղարվեստական ստեղծագործություններում

Պիտեր Բոել, 1663 թ.
Վանիտասը (լատ.՝ vanitas, բառացիորեն՝ «ունայնություն, սնափառություն) բարոկկո դարաշրջանի գեղանկարչության ժանր է, այլաբանական նատյուրմորտ, որի կոմպոզիցիոն կենտրոնը ավանդաբար համարվում է մարդկային գանգը: Նման նկարները նատյուրմորտ ժանրի զարգացման սկզբնաշրջանն են կազմում և նպատակ են հետապնդում տեղեկացնել և հուշել կյանքի արագասլացության, հաճույքների անիմաստության և մահվան անխուսափելիության մասին: Վանիտաս տերմինը իր արմատներով խորանում է մինչև աստվածաշնչյան Ժողովող գրքի 1:2 տունը՝ Vanitas vanitatum et omnia vanitas.

 Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է:
Վանիտաս նատյուրմորտները՝ ինչպես և նկարների հակառակ կողմին պատկերվող ծաղիկները, եվրոպական արվեստի Նոր Ժամանակվա նատյուրմորտ ժանրի ամենավաղ օրինակներն են (օրինակ առաջին հոլանդական նատյուրմորտը Յակոբ դե Գեյնը գրել է հենց «Վանիտաս» ժանրում): Սկզբնական շրջանում այս ժանրի նատյուրմորտներն պատկերում էին որմնախորշի մեջ դած գանգերի և մոմերի, կամ ունայնության և մահվան այլ խորհդդանիշներ։ Այդ գանգերը պատկերվում էին մարդկանց դիմանկարների հակառակ կողմի վրա: Նրանք հակադրվում էին դիմերեսի մարդու առողջ պատկերին և պիտի հիշեցնեին նրա մահկանացու լինելու մասին (mors absconditus): Վանիտաս ժանրի ամենավաղ նկարները առավել պարզ և մռայլ գրվածներն են, հաճախ կատարված մեկ գույնի օգտագործմամբ:

Նկարների մեջ հաճախ օգտագործվում են խորհրդանշական իրեր, որոնցից յուրաքանչյուրը առանձին իմաստ է արտահայտում։ Օրինակ նեխած մրգերը ծերացման խորհրդանիշն են, ծաղիկներից՝ հաճախ թառամած, վարդը խորհրդանշում է սերն ու սեքսը, մարդու սնափառությունը դրանց արտահայտման մեջ։ Օճառի պղպջակները կյանքի արագասլացությունն ու մահվան հանկարծակիությունն են արտահայտում, ծխամորճը՝ երկրային հաճույքների ակնթարթայնությունը և մակերեսային լինելը։ Դանակները խորհրդանշում են մարդկային մարմնի տկարությունը, բժշկական ձեռնոցները՝ մարմնին բնորոշ հիվանդություններն ու անկատարությունը։