Medic Health Group
Medic Health Network

Գլխի և ողնաշարի վնասվածքներ
Գլխի և ողնաշարի վնասվածքներ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Գլխի և ողնաշարի վնասվածքները հաճախ ուղեկցվում են և՛ ոսկրերի, և՛ փափուկ հյուսվածքների վնասումով։ Այդպիսի վնասվածքների մոտ կեսը ավտովթարներիհետևանք է։ Վնասվածքների հետևանքով շատ տուժածներ մահանում են, իսկ կենդանի մնացածներից շատերը ունենում են տարբեր Ֆիզիկական և մտավոր խանգարումներ։ ժամանակին ցուցաբերված ճիշտ օգնությունը կարող է կանխել այդպիսի անցանկալի հետևանքները։

Գանգի լայն, տափակ ոսկրերը, միանալով միմյանց, կազմում են խոռոչ, որտեղ գտնվում է գլխուղեղը։ Գանգի ոսկրերի կոտրվածքը վտանգավոր է ուղեղի վնասվածք ստանալու տեսանկյունից։ Գլխի արյունատար անոթները վնասվելու դեպքում արյունը կուտակվում է գանգի խոռոչում և ճնշում գլխուղեղիհյուսվածքին` վնասելով այն և առաջացնելով զանազան նյարդային խանգարումներ։

Ողնաշարը կազմված է ողերից, որոնք միմյանցից բաժանված են աճառային շերտով՝ միջողային սկավառակներով։ Ողնաշարը պատյան է ողնուղեղի համար, որից ողնաշարի երկու կողմերում գտնվող անցքերից դուրս են գալիս նյարդային ճյուղերը և տարածվում դեպի մարմնի տարբեր մասեր։

Գլխի ենթադրվող վնասվածքով տուժածին զննելիս պետք է փնտրել կապտուկներ, արյան հետքեր և այտուցներ։ Խուսափել այդ մասերում ճնշում գործադրելուց։ Գլխի և ողնաշարի ծանր վնասվածքները կարող են ուղեկցվել գլխուղեղի կամ ողնուղեղի տարբեր աստիճանի վնասումով և արտահայտվել հետևյալ նշաններով՝

• գիտակցության, շնչառության խանգարում,

• կտրուկ ցավ կամ ճնշման զգացում վնասվածքի շրջանում,

• ծակծկոցներ կամ զգացողության կորուստ վերջույթներում,

• շարժունակության լրիվ կամ մասնակի կորուստ,

• գլխի կամ մեջքի վրա արտասովոր այտուցվածություն կամ փոս ընկած մաս,

• հիշողության կորուստ կամ խանգարում,

• ականջներից կամ քթից արյան, արյունախառը կամ թափանցիկ հեղուկի արտահոսք,

• արյունահոսություն, արյունազեղում, օրինակ՝ աչքերի շուրջը, ականջների հետևում,

• տեսողության խանգարում,

• սրտխառնոց, փսխում,

• գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության և կողմնորոշվելու կորուստ։

Վերջնականորեն հաստատել կամ ժխտել գանգի կամ ողերի կոտրվածքր կարելի է միայն ռենտգենային հետազոտություն կատարելուց հետո։ Ուստի դեպքի վայրում միշտ պետք է նկատի ունենալ, որ հավանական է վնասված լինի ողնաշարի պարանոցային հատվածը, և գործողությունները կատարել զգուշությամբ, դրան համապատասխան։

Համեմատաբար թեթև վնասվածքի դեպքում հարկավոր է անշարժացնել տուժածի պարանոցը՝ սրբիչը կամ այլ պինդ գործվածք զգուշորեն փաթաթելով պարանոցի շուրջը օձիքի նման այնպես, որ դա չխանգարի շնչառությանը, ըստ որում, ծոծրակը և ծնոտը պետք է հենվեն գործվածքի վրա, իսկ վերջինիս ստորին եզրը՝ ուսերի վրա՝ այդպիսով նվազեցնելով ճնշումը ողերի վրա:

Եթե վնասվածքը ծանր է (օրինակ՝ առաջացել է բարձրությունից ընկնելուց կամ ուղղակի կտրուկ հարվածից), իսկ տուժածը չի կորցրել ցիտակցութունը, ապա պետք է սահմանափակել նրա շարժումները, հատկապես պարանոցի հատվածում, չտեղաշարժել նրան մինչև շտապօգնության հասնելը (ցանկացած շարժում կարող է մահացու լինել)։ Ապահովել հարմար դիրքը և շարունակել հսկել վիճակը։

Եթե վնասվածքը ծանր է և տուժածը կորցրել է գիտակցությունը, բայց շնչում է, չպետք է շարժել նրան։ Փսխելու դեպքում բերել նրան ապահով դիրքի կողքի վրա՝ կիրառելով մեկ առանցքով անշարժեցման տեխնիկան, որը ցանկալի է կատարել երկուսով, օգնողներից մեկը երկու ձեռքով բռնում է տուժածի գլուխը և պարանոցը կողքերից և պահում մարմնի առանցքի ուղղությամբ, մյուսը շրջում է մարմինը։ Այս գործողության ժամանակ գլուխը, պարանոցը և մարմինը շրջելիս գտնվում են մեկ առանցքում, որը նվազեցնում է ողնաշարը լրացուցիչ վնասելու հավանականությունը։

Առաջին օգնության ընդհանուր սկզբունքներ ողնաշարի վնասվածքի դեպքում

• Նվազեցնել մարմնի ցանկացած մասի շարժումները, հատկապես գլխի և ողնաշարի, համեմատաբար թեթև դեպքերում ցանկացած կոշտ գործվածքով զգուշորեն անշարժացնել պարանոցը և տեղափոխել հիվանդանոց:

• Լուրջ վնասվածքի դեպքում չտեղաշարժել տուժածին, եթե նրան անմիջական վտանգ չի սպառնում, զանգահարել շտապօգնություն և սպասել մասնագետների գալուն։

• Եթե տուժածի գլուխը խիստ թեքված է մի կողմ կամ եթե գլուխը շարժելու փորձ կատարելիս նա զգում է ուժեղ ցավ, պետք է անշարժացնել գլուխը նույն դիրքում, եթե կա տեղափոխելու անհրաժեշտություն։

• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը, եթե այն պարանոցային անոթներից է, օգտագործելով տամպոն՝ գործադրել ուղղակի ճնշում չի կարելի միաժամանակ ճնշում գործադրել երկու քնային զարկերակների վրա և վիրակապել պարանոցը։
Նման դեպքերում վիրակապը պետք է ամրացնել մյուս կողմի բարձրացրած ձեռքի վրա։

• Ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը, զանգել շտապօգնություն։

• Վերահսկել տուժածի վիճակը և ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ողնաշարի վնասվածքի դեպքում եթե առաջանում է տուժածին տեղափոխելու անհրաժեշտություն, պետք է զգուշորեն մի փոքր շրջել նրան՝ բռնելով կոնքային և ուսի շրջաններից և գլխից (կատարվում է մի քանի հոգով) և նրա մեջքի տակ պատգարակ դնել կամ կոշտ, հարթ մակերևույթ ունեցող որևէ իր, որը պետք է համապատասխանի տուժածի հասակին (տախտակ, ֆաներա)։ Կրծքի, կոնքի և ոտքերի շրջաններում ամրացնել կապերով։

Գլխի վիրակապում

Գլխի վիրակապը դրվում Է թասակի ձևով։ Փաթույթային վիրակապի կամ որևէ գործվածքի ժապավենը պետք է երկարությամբ դնել գլխի գագաթային մասին և ծայրերը իջեցնել ականջների մոտով։ Տուժածը կամ մեկ ուրիշը պետք է պահի այդ ժապավենի ծայրերը։ Այնուհետև ՝

• փաթույթային վիրակապով վիրակապել՝ ճակատով և ծոծրակով պարուրելով գլուխը,

• բինտի ծայրը այդպես ամրացնելուց հետո փաթույթի գալարը բերել դեպի ականջը և անցկացնել այն ժապավենի վրա՝ դուրս բերելով դրա տակից,

• նույն ձևով շարունակել վիրակապել՝ ծածկելով ամբողջ գլուխը,

• ամրացնել վիրակապի ծայրը ժապավենին,

• ժապավենի ծայրերը հանգուցել տուժածի կզակի տակ։

Աչքի վրա դրվող վիրակապ

Տուժածի աչքը վիրակապելու համար փաթույթային վիրակապի երկու պտույտով վիրակապը ամրացնել ճակատին։ Այնուհետև վիրակապի գլանակը ծոծրակի կողմից անցկացնել ականջի տակով, թեքությամբ այտի վրայով տանել վնասված աչքի վրա դեպի ճակատ, նորից վերադառնալ դեպի ծոծրակ։ Հաջորդ փաթույթը նորից անցկացնել ականջի տակով, որից հետո ճակատի և ծոծրակի վրայով անցնող փաթույթով ամրացնել վիրակապը։ Կրկնել այդ գործողությունները մի քանի անգամ։

Աջ աչքը վիկապվում է ձախից աջ, ձախը՝ աջից ձախ:  
​http://doctors.am/

ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ