Medic Health Group
Medic Health Network


ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ


Արյունահոսությունը արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Այն կարող է լինել՝ արտաքին եւ ներքին։
Ըստ ծագման՝ արյունահոսությունը լինում է վնասվածքային (տրավմատիկ), երբ առաջանում է անոթի վնասվածքի պատճառով, և ոչ տրավմատիկ, երբ որևէ հիվանդության դեպքում տեղի է ունենում անոթի պատի քայքայում կամ թափանցելիության բարձրացում։
Ըստ վնասված արյունատար անոթների տեսակի՝ արյունահոսությունը լինում է.
* Զարկերակային. այն ուժգին է հոսում և կյանքի համար վտանգավոր է, քանի որ արյունը դուրս է գալիս բարձր ճնշման տակ, և որը դժվար է դադարեցնել։ Այս դեպքում արյունն ունի ալ կարմիր գույն։
* Երակային. երակայինի ճնշումը ավելի ցածր է, արյունը հոսում է միալար հոսքով, շատրվանի պես չի ցայտում։ Երակային արյունն ունի մուգ կարմիր գույն, քանի որ հարուստ չէ թթվածնով։
* Մազանոթային. ամենատարածվածն է և հեշտ է դադարում։
Բոլոր տեսակի արյունահոսությունների վտանգը մեկն է. նվազում է շրջանառվող արյան ծավալը, և հյուսվածքների հագեցումը թթվածնով խանգարվում է, ինչը հատկապես վտանգավոր է երեխաների և ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը դժվար է հարմարվում նման փոփոխություններին։
Արտաքին արյունահոսությունը սովորաբար կարելի է դադարեցնել՝ կատարելով հետևյալ գործողությունները.
1. Վերքի վրա ձեռքի ափով անմիջական սեղմում կատարել (ուղղակի ճնշում) կամ տեղադրել ճնշիչ վիրակապ։
Դրա համար անհրաժեշտ է՝
* վերքը ծածկել ստերիլ անձեռոցիկով,
* կատարել վիրակապի մի քանի փաթույթ,
վերքի վրա տեղադրել ծալված գործվածքի կտոր կամ վիրակապի գլանակ,
* ճնշում գործադրելով՝ վերքը վիրակապել և հանգուցել։
2. Սրտի մակարդակից բարձր բարձրացնել վնասված մասը։
3. Սեղմման կենտրոնում ճնշում գործադրել։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որոնք ճնշելով՝ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին և արյան շրջանառության հոսքը նվազեցնել կամ դադարեցնել համապատասխան մասում։
Եթե արյունը ներծծվելով դուրս է գալիս վիրակապի միջով, ապա պետք է քանդել վիրակապը, հանել արյունոտ գործվածքի կտորը կամ գլանակը՝ առանց անձեռոցիկը հանելու, և նոր ճնշիչ վիրակապ դնել։
4. Շարունակ հսկել տուժածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով շոկի առաջացման առաջին նշաններին։
Առաջին օգնություն ցույց տալուց հետո պետք է զանգել շտապօգնություն կամ տուժածին տեղափոխել հիվանդանոց։
Պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ ֆիզիկապես ուժեղ մարդը 10-15 րոպեից ավելի չի կարող սեղմել վնասված անոթը, քանի որ ձեռքերը հոգնում են։ Այդ դեպքում արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է կիրառել վերջույթները ծալելու միջոցը՝ վերքից վերև գտնվող հոդը ծալելով և վերջույթը նույն դիրքում ֆիքսելով (ծալած հոդի վրա դրվում է ճնշիչ գործվածք)։
ԼԱՐԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Արյունահոսությունը դադարեցնելու ծայրահեղ միջոց է կենտ ոսկրերի վրա (բազկի վերին շրջանում) վերքից վերև և ազդրի ցանկացած հատվածում լարանի օգտագործումը։
Լարանը՝ ռետինե կամ գործվածքից, դրվում է 1,5-2 ժամով, իսկ ցուրտ եղանակին՝ 0,5-1 ժամով։ 30-60 րոպե կապված լինելուց հետո հարկավոր է մի քանի րոպեով լարանը թուլացնել՝ միաժամանակ սեղմած պահելով վերքից վերև գտնվող անոթը։
Լարանը դնելու սկզբունքները.
* Լարանը կապել տուժածի հագուստի կամ որևէ այլ գործվածքի վրա (ոչ թե անմիջապես մաշկի վրա)։
* Պտտել այն վնասված վերջույթի շուրջը և ծայրերը կապել սովորական հանգույցով։ Հանգույցի վրա դնել որևէ փայտիկ և ամրացնել կրկնակի հանգույցով։
* Պտտելով փայտիկը՝ սեղմել վերջույթը, մինչև արյունահոսությունը դադարի։ Փայտիկի ծայրերը ամրացնել վիրակապով։
* Թղթի վրա գրել լարանը դնելու ժամը, ամսաթիվը, տուժածի անունը և ազգանունը։
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ
Ներքին արյունահոսությունը լինում է մարմնի փակ խոռոչներում, գլխավորապես առաջանում է ներքին օրգանների վնասվածքներից։ Արյունը, կուտակվելով խոռոչներում, կարող է նաև արտահոսել մարմնի բնական անցքերից։
Ներքին արյունահոսությունը հաճախ շոկի պատճառ է դառնում, որի նշանները դրսևորվում են վնասվածքից որոշ ժամանակ անց և դժվար են հայտնաբերվում ու վերացվում։
Ներքին արյունահոսության նշաններն են՝
* տագնապ, անհանգստություն,
* հաճախացած, թույլ անոթազարկ,
* հաճախացած շնչառություն,
* գլխապտույտ, թուլություն, զարկերակային ճնշման անկում,
* մաշկի գունատություն կամ կապտավուն երանգ,
* վնասվածքի տեղում հնարավոր է ցավ, հյուսվածքի պնդացում, մաշկի գույնի փոփոխություն,
* տեսողության խանգարում,
* սրտխառնոց, ծարավի զգացում,
* արյան արտահոսք մարմնի բնական անցքերից։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
* Զանգել շտապօգնություն։
* Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու, հանգստացնել նրան։
* Սահմանափակել տուժածի շարժումները։
* Վնասվածքի ենթադրվող տեղում կարելի է տեղադրել սառցապարկ (սառույցը պետք է դրվի բամբակյա գործվածքի մեջ)։
* Խմելու կամ ուտելու ոչինչ չտալ, այլ միայն թրջել տուժածի շրթունքները (ջուր խմելը հակացուցված է՝ հնարավոր փսխումից խուսափելու համար)։
* Ցավազրկողներ չի՛ կարելի տալ։
* Պահպանել տուժածի մարմնի ջերմաստիճանը։
* Փոխել դիրքը՝ պառկեցնելով նրան մեջքի վրա՝ ոտքերը կիսածալած։

ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
բ/ծ կապիտան
բժիշկ-վնասվածքաբան